понедельник, 7 октября 2013 г.

Բնապահպանական խնդիրները Հրազդան քաղաքում ահռելի չափերի են հասել



    Այո՛,սա խնդիր է,որն անհանգստացնում է բոլորին,սա խնդիր  է,որով յուրաքանչյուր մարդ պիտի հետաքրքրվի,պիտի մտածի և փորձի պայքար մղել`հանուն վաղվա,հանուն իր ապագայի:Մեր մոլորակում միլիոնավոր մարդիկ հետաքրքրվում են այս խնդրով ու պայքարում են դրա համար,և մենք`Հրազդան քաղաքի ակտիվ երիտասարդներս,միանում ենք բոլոր բնապահպաններին ու անմասն չենք այս գործին:
 Հրազդան քաղաքը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում:Սա մի հիասքանչ քաղաք է`գողտրիկ բնությամբ,խոշոր արդյունաբերական կենտրոն է, կարևոր դեր ու նշանակություն ունի ողջ հանրապետությունում:Ցավոք,ինչպես գիտենք,արդյունաբերական քաղաքները ողջ աշխարհում ամենաաղտոտված քաղաքներն են:Հրազդանը ունի էկոլոգիական բազում խնդիրներ:Հիմնական խնդիրներն են օդի աղտոտվածությունը,Հրազդան գետի աղտոտվածությունը,ծառահատումները,կենսաբազմազանության խնդիրները:Իհարկե այս խնդիրներից յուրաքանչյուրը շատ մեծ վտանգ է ներկայացնում,սակայն Հրազդանում ամենալուրջ խնդիրը օդի աղտոտվածության և Հրազդան գետի աղտոտվածության հիմնախնդիրն է:
 Շնչառական հիվանդությունների թվով Հրազդան քաղաքը ողջ հանրապետությունում առաջինն է: Հրազդան քաղաքում օդի  աղտոտվածության հիմնական պատճառը Հրազդանի ցեմենտի գործարանն է:Այստեղ  ֆիլտրերը չեն աշխատում,կամ ընդհանրապես չկան: Ճապոնական մի ընկերություն առաջարկել է ցեմենտի գործարանում ֆիլտրեր տեղադրել`պայմանով,որ այն ցեմենտը,որը կհավաքեն ֆիլտրերը,կպատկանեն ճապոնացիներին, սակայն տնօրինությունը մերժել է:Ապացուցված է,որ ֆիլտրերի հավաքած ցեմենտն ամենաթանկարժեք և ամենաորակյալ ցեմենտն է,սակայն այն կարծես թե պետք չէ Հրազդանի ցեմենտի գործարանին:Այսպիսով մենք՝Հրազդան քաղաքի բնակիչներս,շնչում ենք ոչ թե թթվածնով,այլ ցեմենտով հարուստ օդ:
Մյուս խնդիրը,որն իրոք լուրջ է Հրազդանում,Հրազդան գետի աղտոտվածության հիմնախնդիրն է: Գետ են նետվում թե՛ արտադրական,թե՛ կենցաղային թափոններ:Հրազդան քաղաքի հարակից գյուղերում աղբամանների բացակայության պատճառով,բնակիչները կենցաղային աղբը նետում են Հրազդան գետ:Ողջ աղբը սփռված է գետի ափին:Բնակիչները հաճախ աղբը վերացնելու համար այրում են այն,որն էլ իր հերթին աղտոտում է օդը:Ինչպես գիտենք ջուրը ունիվերսալ լուծիչ է և ջրում հայտնված զանազան վտանգավոր ու թունավոր նյութեր լուծում է իր մեջ:Այդ ջուրը հոսում է դեպի Արարատյան դաշտ,և այն օգտագործում են ոռոգման նպատակներով:
   Մենք խնդրում ենք համապատասխան մարմիններին զբաղվել այս խնդիրներով:Առաջարկում ենք ծառատունկեր կազմակերպել՝օդի աղտոտվածությունը վերացնելու համար, Հրազդանի ցեմենտի գործարանին օգնել՝ ֆիլտրեր տեղադրելու հարցում և վերջապես լուծել այն տարածքների աղբահանության խնդիրները,որոնք աղբը նետում են գետ:
 Սրանք մեծ և լուրջ խնդիրներ են ոչ միայն Հրազդան քաղաքի,այլ նաև ողջ հանրապետության համար:Ի վերջո այժմ ողջ Երկիր մոլորակը կանգնած է էկոլոգիական աղետի առջև,օզոնային շերտը շարունակում է քայքայվել,ամեն օր տեսնում ենք թթվային անձրևների թողած հետքերը,կլիմայական փոփոխությունները:Մենք գրեթե անդունդի եզրին ենք.դրա համար պարտավոր ենք ավելի սրտացավ լինել բնության հանդեպ,սիրել ու պահպանել այն:Եվ եթե միասին պայքարենք,վստահ ենք,որ կհաղթահարենք անգամ այս մեծ խնդիրը:




пятница, 13 сентября 2013 г.

Կոտայքի Մարզ




Մենք`Հրազդան քաղաքի ակտիվ երիտասարդներս,մեր պարտքն ենք համարում ոչ միայն բարձրաձայնել Հրազդան քաղաքի խնդիրներն ու լուծումներ առաջարկել դրանց համար,այլ նաև ներկայացնել Կոտայքի մարզր,նրա քաղաքերը,տեսարժան վայրերը,և հույս ունենք այն ավելի սիրելի ու գրավիչ դարձնել ձեզ համար:
Կոտայքի մարզը կենտրոնական դիրք է գրավում Հայաստանի Հանրապետության տարածքում: ՀՀ-ում այն միակ «ներքին» մարզն է: Կոտայքի մարզը հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ` զբաղեցնելով հիմնականում նրա Կոտայք և Նիգ գավառները:

Բնական պայմանները և հարստությունները

Կոտայքի մարզը աչքի է ընկնում բնական պայմանների ու հարստությունների մեծ բազմազանությամբ: Այստեղ համեմատաբար սահմանափակ տարածության վրա հանդիպում են և´ բարձրաբերձ լեռնագագաթներ ու խոր կիրճեր, և´ լայնարձակ գետահովիտներ ու մեղմաթեք սարավանդներ: Գեղամա լեռները կազմող հրաբխային ապարների մեջ ներծծվող ջրերը աղբյուրների տեսքով դուրս են գալիս լեռների ստորոտներում, ինչպես նաև` Հրազդան և Ազատ գետերի կիրճերում: Հռչակված են Քառասունակնի, Արզնիի և Գառնիի աղբյուրները, որոնց սառնորակ ջրերը հատուկ խողովակներով հասցվում են նաև քաղաքամայր Երևանի բնակչությանը: Հրազդան և Ազատ գետերի կիրճերի առանձին հատվածներ բնական հիանալի հուշարձաններ են: Տպավորիչ են լավաների մեջ գոյացած բազալտե սյունաձև առանձնացումները` անձեռակերտ բազմանիստ պրիզմաները:

Բնակչությունը

Մարզի տարածքը բնակեցված է եղել դեռևս հազարամյակներ առաջ, բայց ներկայիս վիճակի վրա մեծ ազդեցություն է ունեցել բնակության մեխանիկական աճը: Բազմաթիվ հայ ընտանիքներ վերաբնակվել են այստեղ դեռևս 1830-ական թվականներին Պարսկահայաստանից և Արևմտյան Հայաստանից: Բայց ավելի մեծ ներհոսք եղել է 1950-ական թվականներից հետո, երբ բուռն զարգացում է ապրել արդյունաբերությունը: Եկել են ինչպես Վրաստանից ու Ադրբեջանից, այնպես էլ Հայաստանի շրջաններից: Մարզի բոլոր քաղաքային բնակավայրերի ծագումն ու զարգացումը պայմանավորված է ջրաէլեկտրակայնների Սևան-Հրազդան կասկադի և դրա հիման վրա` նոր գործարանների ու ֆաբրիկաների շինարարությամբ:

Քաղաքները

Կոտայքի մարզի քաղաքների շարքում ամենախոշորը Հրազդանն է, մարզային կենտրոնը: Այն կառուցվել է Ներքին Ախտայի և նրա հարևան մի քանի գյուղերի տեղում: Քաղաքի բուռն զարգացմանը մեծ չափով նպաստել է մարզի և ամբողջ հանրապետության տարածքի նկատմամբ նրա ունեցած կենտրոնական դիրքը և տրանսպորտային լավ ապահովվածությունը: Քաղաքը գտնվում է երկրի ճանապարհային ցանցում առանցքային դիրք գրավող Երևան-Սևան ավտոխճուղու վրա և միաժամանակ երկաթուղային հանգույց է: Հրազդանը աչքի ընկնող քաղաք է դարձել առաջին հերթին էներգետիկայի, շինանյութերի արդյունաբերության և մեքենաշինության այնպիսի հսկաների շնորհիվ, ինչպիսիք են` Հրազդանի ջերմաէլեկտրակայնը (հզորագույնն է երկրում), ցեմենտի գործարանը, «Հրազդանմեքենա» գործարանը:
Մարզի երկրորդ քաղաքը Աբովյանն է (նախկին` Էլար): Այն ստեղծվել է որպես Երևանի արբանյակ քաղաք և Հայաստանի արդյունաբերական բուռն զարգացման տարիներին դեպի իրեն է ձգել նոր կառուցվող գործարաններ և դրանով իսկ դանդաղեցրել Երևանի անհարկի աճը: Այդ հիմնավորումով այստեղ ստեղծվել են աշխատատար ճշգրիտ մեքենաշինության, հատկապես էլեկտրոնային սարքաշինության հզոր ձեռնարկություններ:Կոտայքի մարզի և ամբողջ հանրապետության տնտեսական կյանքում իրենց ուրույն տեղն ունեն մյուս քաղաքները ևս: Օրինակ, Չարենցավանը հայտնի է որպես մեքենաշինության, Նոր Հաճնը` սարքաշինության ու ադամանդների մշակման, Ծաղկաձորը` առողջարանային կենտրոն:
* * *
Կոտայքի մարզում են գտնվում Արզնի և Հանքավան առողջարանները (հանքային աղբյուրների մոտ), Մարմարիկի առողջարանային գոտին` բազմաթիվ հանգստի ու առողջարանական ճամբարներով: Այստեղ է Ծաղկաձորի մարզական օլիմպիական համալիրը, որտեղ թե´ ձմռանը և թե´ ամռանը հանգստանում և կամ իրենց սպորտային վարպետությունն են բարձրացնում մեծաթիվ այցելուներ Հայաստանի տարբեր մարզերից ու արտասահմանից:

http://www.findarmenia.com

среда, 4 сентября 2013 г.

Մի փոքր այն մասին,թե ինչու ենք այստեղ


  Ողջու՛յն,բարի գալուստ Կոտայքի երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնի բլոգ:Այս բլոգում դուք կգտնեք Կոտայքի մարզի տարբեր քաղաքների մասին պատմող հոդվածներ,նկարներ,տեսանյութեր:Հավատացնում ենք,որ այն ժամանակը,որ կանցկացնեք այստեղ,ձեզ կստիպի ճանաչել ու սիրել Կոտայքի մարզը,մտահոգվել նրա խնդիրներով և իհարկե միանալ մեզ`լուծելու այն բոլոր խնդիրները,որոնք մտահոգում են մերօրյա երիտասարդներին:Հուսով ենք`կսիրեք մեզ ու մեր բլոգը: