понедельник, 7 октября 2013 г.

Բնապահպանական խնդիրները Հրազդան քաղաքում ահռելի չափերի են հասել



    Այո՛,սա խնդիր է,որն անհանգստացնում է բոլորին,սա խնդիր  է,որով յուրաքանչյուր մարդ պիտի հետաքրքրվի,պիտի մտածի և փորձի պայքար մղել`հանուն վաղվա,հանուն իր ապագայի:Մեր մոլորակում միլիոնավոր մարդիկ հետաքրքրվում են այս խնդրով ու պայքարում են դրա համար,և մենք`Հրազդան քաղաքի ակտիվ երիտասարդներս,միանում ենք բոլոր բնապահպաններին ու անմասն չենք այս գործին:
 Հրազդան քաղաքը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում:Սա մի հիասքանչ քաղաք է`գողտրիկ բնությամբ,խոշոր արդյունաբերական կենտրոն է, կարևոր դեր ու նշանակություն ունի ողջ հանրապետությունում:Ցավոք,ինչպես գիտենք,արդյունաբերական քաղաքները ողջ աշխարհում ամենաաղտոտված քաղաքներն են:Հրազդանը ունի էկոլոգիական բազում խնդիրներ:Հիմնական խնդիրներն են օդի աղտոտվածությունը,Հրազդան գետի աղտոտվածությունը,ծառահատումները,կենսաբազմազանության խնդիրները:Իհարկե այս խնդիրներից յուրաքանչյուրը շատ մեծ վտանգ է ներկայացնում,սակայն Հրազդանում ամենալուրջ խնդիրը օդի աղտոտվածության և Հրազդան գետի աղտոտվածության հիմնախնդիրն է:
 Շնչառական հիվանդությունների թվով Հրազդան քաղաքը ողջ հանրապետությունում առաջինն է: Հրազդան քաղաքում օդի  աղտոտվածության հիմնական պատճառը Հրազդանի ցեմենտի գործարանն է:Այստեղ  ֆիլտրերը չեն աշխատում,կամ ընդհանրապես չկան: Ճապոնական մի ընկերություն առաջարկել է ցեմենտի գործարանում ֆիլտրեր տեղադրել`պայմանով,որ այն ցեմենտը,որը կհավաքեն ֆիլտրերը,կպատկանեն ճապոնացիներին, սակայն տնօրինությունը մերժել է:Ապացուցված է,որ ֆիլտրերի հավաքած ցեմենտն ամենաթանկարժեք և ամենաորակյալ ցեմենտն է,սակայն այն կարծես թե պետք չէ Հրազդանի ցեմենտի գործարանին:Այսպիսով մենք՝Հրազդան քաղաքի բնակիչներս,շնչում ենք ոչ թե թթվածնով,այլ ցեմենտով հարուստ օդ:
Մյուս խնդիրը,որն իրոք լուրջ է Հրազդանում,Հրազդան գետի աղտոտվածության հիմնախնդիրն է: Գետ են նետվում թե՛ արտադրական,թե՛ կենցաղային թափոններ:Հրազդան քաղաքի հարակից գյուղերում աղբամանների բացակայության պատճառով,բնակիչները կենցաղային աղբը նետում են Հրազդան գետ:Ողջ աղբը սփռված է գետի ափին:Բնակիչները հաճախ աղբը վերացնելու համար այրում են այն,որն էլ իր հերթին աղտոտում է օդը:Ինչպես գիտենք ջուրը ունիվերսալ լուծիչ է և ջրում հայտնված զանազան վտանգավոր ու թունավոր նյութեր լուծում է իր մեջ:Այդ ջուրը հոսում է դեպի Արարատյան դաշտ,և այն օգտագործում են ոռոգման նպատակներով:
   Մենք խնդրում ենք համապատասխան մարմիններին զբաղվել այս խնդիրներով:Առաջարկում ենք ծառատունկեր կազմակերպել՝օդի աղտոտվածությունը վերացնելու համար, Հրազդանի ցեմենտի գործարանին օգնել՝ ֆիլտրեր տեղադրելու հարցում և վերջապես լուծել այն տարածքների աղբահանության խնդիրները,որոնք աղբը նետում են գետ:
 Սրանք մեծ և լուրջ խնդիրներ են ոչ միայն Հրազդան քաղաքի,այլ նաև ողջ հանրապետության համար:Ի վերջո այժմ ողջ Երկիր մոլորակը կանգնած է էկոլոգիական աղետի առջև,օզոնային շերտը շարունակում է քայքայվել,ամեն օր տեսնում ենք թթվային անձրևների թողած հետքերը,կլիմայական փոփոխությունները:Մենք գրեթե անդունդի եզրին ենք.դրա համար պարտավոր ենք ավելի սրտացավ լինել բնության հանդեպ,սիրել ու պահպանել այն:Եվ եթե միասին պայքարենք,վստահ ենք,որ կհաղթահարենք անգամ այս մեծ խնդիրը:




Комментариев нет:

Отправить комментарий